top
Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը

Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը

Եվրոպայի լավագույն սրճարաններում ամենապահանջված թխվածքներից մեկը Սան Սեբաստիան չիզքեյքն է։ Այն ստեղծվել  է Սան Սեբաստիանի (Բասկերի երկիր, Իսպանիա) աշխարհահռչակ La Viña ռեստորանում: Ի տարբերություն ամերիկյան տեսակների՝ բասկյան չիզքեյքը խմորային հիմք չունի, ավելին՝ այն ընդհանրապես հիմք չունի: Դա նյույորքյան չիզքեյքի և ֆրանսիական ֆլանի խառնուրդն է: Դա աստվածային բան է․ անսահման նուրբ կաթնաշոռային քաղցրավենիք, որը հալչում է բերանում։ Եվ ամենալավն այն է, որ այն շատ հեշտ է պատրաստել տանը: Վանիլլայի այսօրվա բլոգում ձեզ ենք ներկայացնում Սան Սեբաստիանի ամենահեշտ բաղադրատոմսը։

Բաղադրիչներ՝

կաթնաշոռային պանիր - 545գ

շաքարավազ - 145գ

եգիպտացորենի օսլա - 25գ

ձու - 4 հատ

կիտրոնի հյութ - 15գ

սերուցք  33% - 345գ

թխելու համար շրջանաձև բացվող կաղապար՝ 18 սմ տրամագծով։

 

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Ջեռոցը տաքացնել մինչև 240°C։ Հարիչով կաթնաշոռային պանիրը և շաքարավազը հարեք ցածր արագությամբ: Ընթացքում աստիճանաբար ավելացրեք եգիպտացորենի օսլան: Ապա հատ առ հատ ավելացրեք ձվերը՝ ամեն անգամ մանրակրկիտ խառնելով։ Ավելացրեք կիտրոնի հյութը, ապա՝ սերուցքային կրեմը։ Պետք է ստանանք ոչ պինդ զանգված։

Կաղապարը պատեք յուղաթղթով, որը պետք է մոտ 5 սմ բարձր լինի կաղապարի պատերից, քանի որ թխելու ժամանակ չիզքեյքը  շատ կբարձրանա։ Կաթնաշոռային զանգվածը լցրեք կաղապարի մեջ, այնուհետև մի փոքր թակեք կաղապարը սեղանի վրա, որպեսզի բոլոր օդային պղպջակները դուրս գան մակերես: Ապա դրանք պայթեցրեք, որպեսզի մակերևույթը ամբողջովին հարթ լինի։

Թխել 240°C տաքացրած ջեռոցում 27-30 րոպե։ Եթե ​​ցանկանում եք, որ ավելի սերուցքային ստացվի, ապա թխեք 27 րոպե, իսկ եթե ցանկանում եք ավելի խիտ՝ 30 րոպե: Սան Սեբաստիան չիզքեյքի մակերեսը պետք է լինի կարամելի գույնի, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ գրեթե սև։ Թխելու ընթացքում այն ​​շատ կբարձրանա, բայց հետո կիջնի։ Թարմ թխած չիզքեյքը դոնդողի պես դողում է, թողեք սառչի և կայունանա սենյակային ջերմաստիճանում մոտ 4 ժամ։ Մատուցելիս կարող եք ավելացնել հալած շոկոլադ կամ ջնարակ՝ ըստ ճաշակի։

Ամենահայտնի չիզքեյքը որքան համեղ, այդքան էլ հեշտ է։ Պատրաստեք ինքներդ և հիացրեք ձեր հարազատներին։ Վանիլլայի բլոգում ձեզ են սպասում ամենահետաքրքիր հոդվածները հրուշակեղենի աշխարհից և ամենահեշտ բաղադրատոմսերը։ Մնացե՛ք մեզ հետ, ինչպես նաև ընթերցեք «Կարամելի տեսակները» բլոգը։

Ավելին

Ավելին
Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին
Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Տորթը միշտ ասոցացվում է տոնի հետ: Նույնիսկ եթե այն..

Ավելին
Հարսանեկան տորթի թրենդները  2022-ին

Հարսանեկան տորթի թրենդները 2022-ին

Հարսանեկան նորաձևության միտումները անընդհատ փոխվու..

Ավելին