Տորթերի ամենասիրված հավելումներից մեկը կարամելն է, որը նաև ինքնուրույն քաղցրավենիք է։ Այն կարող է պատրաստվել և մատուցվել տարբեր ձևերով, սակայն դրա պատրաստման հիմքում ընկած է շաքարի հալման գործընթացը: Անչափ պարզ և արագ մեթոդով ստացվող այս քաղցրավենիքի տեսակներին միասին կծանոթանանք Վանիլլայի այսօրվա բլոգում:
Ընդհանրապես կարամելը կարելի է դասակարգել՝ ելնելով տարբեր չափանիշներից: Ըստ համի՝ այն կարող է լինել լիկյորային, շոկոլադե, հատապտղային կամ մրգային։ Վիտամինների և հատուկ դեղանյութերի ավելացումով պատրաստում են բուժիչ կարամելներ և սառնաշաքարներ երեխաների համար։ Ըստ խտության՝ առանձնանում են պինդ, փափուկ կարամելն ու կարամելային հեղուկ-սոուսը։
Պինդ կարամել
Այս տեսակը օգտագործվում է քաղցրավենիք և սառնաշաքար պատրաստելու համար: Այս դեպքում օգտագործվում է ավելի շատ շաքար, որը հալչելուց հետո կարծրանում է և պատրաստի վիճակում դառնում է ապակու նման: Այս տեսակի պատրաստումը պահանջում է հմտացում, քանի որ շաքարը շատ արագ է կարծրանում, և դանդաղելու դեպքում դուք պարզապես չեք ստանա այն ձևը, որը ցանկանում էիք:
Կարամելային սառնաշաքար
Պինդ կարամելը փայտիկների վրա լցնելու դեպքում ստանում ենք շատ սիրված սառնաշաքարները: Սովետական հայտնի «աքլորների» և «նապաստակների» կաղապարները շատերի տանը դեռ պահպանվել են, հիանալի առիթ է դրանք օգտագործելու և մանկությունը վերհիշելու համար: Բացի դրանից՝ կարող եք հիացնել ձեր հյուրերին՝ կարամելացնելով մրգերի և հատապտուղների կտորները փայտիկների վրա:
Փափուկ կարամել
Բաղադրիչների համամասնությունները փոխելով՝ ստացվում է պլաստիկ, փափուկ կարամել, որից կարելի է ձևավորել տարբեր մարմիններ նույնիսկ սառած վիճակում, քանի որ այն չի կարծրանում ապակու նման: Բազմագույն փափուկ կարամելը պատրաստվում է սննդի ներկերի միջոցով, իսկ միասին ոլորելով՝ ստանում ենք ամենահամեղ ծիածանը, որը երեխաները շատ են սիրում: Եթե բաղադրատոմսում առկա է սերուցք, ապա ստացվում է իրիսի կարամել։ Փափուկ կարամելը տորթի շերտավորման հիանալի տարբերակ է:
Կարամելի սոուս
Աղանդերային սոուսների ամենասիրված տարբերակներից մեկը կարամելայինն է։ Թարմ պատրաստված հեղուկ կարամելը խտությամբ նման է խտացրած կաթին, իսկ սառնարանում պահելու դեպքում այն ձեռք է բերում եփած խտացրած կաթի խտություն։ Այն հիանալի հավելում է պաղպաղակի, կարկանդակների, կրուասանների և բուլկիների համար: Մի քանի գդալ կարամելի սոուսը կարող է մածունը վերածել հրաշալի քաղցրավենիքի։ Դրանով համեմված վարսակի փաթիլը դառնում է և՛ համեղ, և՛ առողջարար ուտեստ։
Հրուշակեղենի անծայրածիր աշխարհն այնքան գաղտնիքներ է պարունակում, որ մի ողջ կյանք կարելի է նվիրել դրանց բացահայտմանը: Վանիլլայի բլոգում կգտնեք ամենաօգտակար հոդվածներն ու լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն անընդհատ հիացնել ձեր սիրելիներին: Հետևե՛ք մեր նորություններին, իսկ թե ինչ քաղցրավենիքներ են զարդարում Սուրբ ծննդյան սեղանը աշխարհի տարբեր երկրներում, ընթերցեք «Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից» բլոգում: